Տրդատը Հռոմում իր ուսումն ու դաստիարակությունը ստանում էր Լիկիանես անունով կոմսի մոտ։ Մանկությունից սիրել էր ձի հեծնել և դարձել հմուտ ձիավար։ Նա սովորեց ռազմական արվեստ և զենքի գործածության մեջ դարձավ քաջահմուտ, օժտված ֆիզիկական ուժով ու ճարպկությամբ։ Այս հատկանիշներով նա մասնակցում էր կրկեսային մրցումներին և միշտ հաղթում։Մի անգամ Տրդատի մրցակիցն էր արգիացի Կերասոսը, ով մենամարտում պոկեց վայրի ցուլի կճղակը։ Տրդատը մենամարտեց երկու վայրի ցուլերի հետ՝ մեկի եղջյուրը պոկեց, մյուսի վիզը ջախջախեց։Այլ մրցումում Տրդատը ձիարշավի ժամանակ վայր ընկավ, բայց կանգնեցրեց հզոր կառքը՝ արժանանալով հանդիսականների հիացմունքին։Տրդատը քաջ ռազմիկ էր։ Երբ հռոմեացի զորավար Պրոբոսը կռվում էր գոթերի դեմ, սովահար զինվորները սպանեցին նրան։ Տրդատը միայնակ պաշտպանեց Լիկիանեսի ապարանքը։Նա մասնակցեց նաև պարսիկների դեմ կռիվներին։ Երբ Եփրատ գետի մոտ հռոմեացի զորավարները սպանվեցին, Տրդատը ձիու վիրավորման պատճառով չէր կարողանում հեռանալ, բայց վերցնելով զենքերն ու սարքը, լողալով անցավ գետը և հասավ Լիկիանեսի մոտ։ Նույն օրերին Թրակիայում սպանվեց Նոմերիանոս կայսրը, իշխանությունը անցավ Դիոկղետիանոսին։