Archive of ‘Հայրենագիտություն’ category

Անանուխ

Անանուխ, շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Մշակովի անանուխը (լատիներեն անվանումը՝ Mentha Piperita L.) ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձվաձև կամ նշտարաձև տերեևներ, կարմրավուն մանր ձողիկներ։ Բույսի ցեղի «Մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից։

Հայկական տարանուններն են անանեխ, անուխ, դաղձ, նանա, պիտնա, պուտինա, քարանուխ, քարընշուշ։ Հենվելով ուկրաինական ժողովրդական բժշկության և սեփական փորձերի վրա, անանուխի վերաբերյալ ուշագրավ տվյալներ են նշում հայր և որդի Նոսալները։Այսպես, անանուխը լավացնում է մարսողությունը, օժտված է փքահան և քրտնամուղ հատկություններով, լավ արդյունք է տալիս տհաճ բղկոցների ժամանակ։

Օգտագործում

Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։

Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։

2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անցկացնել փորացավը[1]։

Անանուխը նաև օգտագործվում է սննդի մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, աղցաններին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։

Հայաստանի Հանրապետության դեղաբույսերը

Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության: Այստեղ աճում է 4 հազար բուսատեսակ, որից մոտ 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույսեր՝ հունական շրջահյուսը, ծովոսպը, կովկասյան մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից ներմուծված հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը:

Հայկական լեռնաշխարհի բուսատեսակների բուժիչ հատկությունները հայտնի էին հնագույն ժամանակներից։

Հայտնի է, որ մ.թ.ա. I դարում Հայոց Արտաշես Բ թագավորը հիմնել էր հատուկ պարտեզաբուրաստաններ, որտեղ աճեցվում էին տարբեր բուժիչ բույսեր: Որոշ բույսեր, օրինակ՝ լոշտակը, սև գնդիկը (սոնիճը), հազարը (կաթնուկը), այնքան հայտնի էին իրենց բուժիչ հատկություններով, որ դարձել էին պաշտամունքի առարկա:

Դեղաբույսերի օգտագործման ավանդույթների մասին են վկայում նաև պեղումների ժամանակ հայտնաբերված բազմաթիվ անոթները՝ դեղաբույսերի սերմերի կամ յուղերի հետքերով։

Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունը կատարել է Եզնիկ Կողբացին V դարում, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են բժշկապետեր Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին:
Հայկական դեղաբույսերից են․ 

 ՕՇԻՆԴՐ ԴԱՌԸ. բժշկության մեջ օգտագործվում է որպես ախորժաբեր և մարսողությունը լավացնող, ճիճվամուղ միջոց, կիրառվում ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, գաստրիտի, սակավարյունության, հիպերտոնիկ հիվանդության, միգրենի ժամանակ։ 

ՍՈՒՍԱՄԲԱՐ․ Շնորհիվ վառ արտահայտված հակասեպտիկ հատկությունների՝ օգտագործվում է վերքերի, ինչպես նաև հարբուխի բուժման ժամանակ։

ԱԼՈՃԵՆԻ․ բնութագրվելով մի շարք օգտակար հատկանիշներով՝ ակտիվորեն օգտագործվում է բժշկության մեջ և կոսմետոլոգիայում։

ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԵՐԻՑՈւԿ-Երիցուկի թերթիկներն օգտագործվում են եփուկների և թրմերի մեջ ինչպես ողողումների, ինհալացիայի, լոգանքների, թրջոցների համար։

ՄԱՐԳԱԳԵՏՆԱՅԻՆ ԵՐԵՔՆՈւԿ-հիմնականում, մարգագետնային երեքնուկն օգտագործվում է թեյի, թրմի և եփուկների տեսքով հյուծման և սակավարյունության ժամանակ։

Թումոյի այգու մասին <>

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգի (նաև հայտնի է որպես Թումանյան այգի, ժողովրդական լեզվում երբեմն կոչվում է Թումոյի այգի), զբոսայգի Երևանի Աջափնյակ համայնքում՝ Կիևյան կամրջի հարևանությամբ։ Գտնվում է «ԷյՓիՋի Լաբս ԷյԷմ» հասարակական կազմակերպության խնամակալության ներքո, 100 տարի վարձակալման ժամկետով։

Այգու տարածքը կազմում է 7 հա։ Այն տեղակայված է Հրազդան գետի կիրճում, արևմուտքից սահմանազատվում է Հալաբյան փողոցով, հարավից՝ կիրճը հատող Հրազդանի մեծ կամրջով, արևելքից՝ գետի հունով, իսկ հյուսիսից՝ «Թումո» կենտրոնի շենքով։ Այդ պատճառով էլ այն խոսակցականում կոչվում է նաև «Թումոյի այգի»։

Այգին, որ կոչվել է հայ գրող և բանաստեղծ Հովհաննես Թումանյանի անունով, բացվել է 1970 թվականին՝ նրա ծննդյան հարյուրամյակի առթիվ։ 1973 թվականին այգում տեղադրվել է Թումանյանի «Անուշ» պոեմի հերոսների՝ Անուշի ու Սարոյի արձանը։ 1986 թվականին այգում կանգնեցվել է Թումանյանի մեկ այլ հերոսի՝ Լոռեցի Սաքոյի արձանը։

1990-ական թվականներին երկրի ֆինանսական անբարենպաստ իրավիճակի պատճառով այգին անկում է ապրել, ծառերի մի մասը հատվել է։

2009-2010 թվականներին այն վերակառուցվել և մինչ օրս խնամվում է բացառապես «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կողմից. ներդրվել է ոռոգման ավտոմատ համակարգ, կահավորվել խաղադաշտեր ֆուտբոլի ու բասկետբոլի համար, կառուցվել մանկական խաղահրապարակներ, տնկվել շուրջ 1000 ծառ, կառուցվել հետիոտնային ու հեծանվային ուղիներ։ «Արագած» լքված կինոթատրոնի մոտակայքում, որ տեղակայված էր այգուն հարող տարածքում, կառուցվել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Ներկայում այգին ժողովրդականություն է վայելում քաղաքի բնակչության շրջանում։

Զատկի Մասին տեղեկություն

Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոն, քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն և գլխավոր տոնը, հինգ տաղավար տոներից մեկը։

Սկիզբ է առնում հրեաների կողմից այսօր նշվող Պասեք տոնից, որի ժամանակ ըստ քրիստոնեական դավանանքի 1-ին դարում (ստույգ թվականը վիճելի է՝ 27-33 թթ. միջև ընկած ժամանակաշրջանում) Երուսաղեմում խաչվել և հարություն է առել Հիսուս Քրիստոսը։

Պասեքը հրեաների կողմից ինչպես նախկինում այնպես էլ այսօր տոնվում է ի նշան եգիպտական գերությունից ազատագրման և մասնավորապես Հին Կտակարանում նկարագրվող այն դրվագի, երբ Աստվածը նոխազի արյան միջոցով զատեց իր ժողովրդին եգիպտացիների վրա ուղարկված աղետից՝ անդրանիկ զավակների կոտորածից։ Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի (Գառն Աստծո) կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։

Քրիստոսն է հավիտենական այն զոհը կամ պատարագը, որի միջոցով մարդն ստանում է մեղքերի թողություն, ապա՝ կյանք և հարություն։ Պողոս առաքյալը Հիսուսին այդպես էլ կոչում է՝ Զատիկ, «…քանզի Քրիստոս՝ մեր զատիկը, մորթվեց…» (Ա Կորնթ. 5.7–8)։

Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուր տարի նրա նշման օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լիալուսնի առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 21-ից հետո մինչև ապրիլի 25-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։

Զատկին նախորդում է Ավագ շաբաթը։ Զատկի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը և ավարտվում երկուշաբթի։ Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը։

Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը։

Ժամերգություն է տեղի ունենում և Պատարագ մատուցվում և բուն զատկական Կիրակի օրը։

Ծաղկազարդ

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն, որին հաջորդում է Ավագ շաբաթը։

Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում էր բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, դրանք դրվել են խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Անդաստանի արարողությամբ օրհնվում են աշխարհի չորս կողմերը, մասնավորապես Հայոց Հայրապետությունը, հայրենիքը, քաղաքներն ու գյուղերն իրենց բնակիչներով, վանքերը, արտերը և տարվա պտղաբերությունը։ Այն տարվա մեջ կատարվում է 25 անգամ։

Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ։

Սուրբ Հռիփսիմե եկեղեցի (Վաղարշապատ)

Հիմնադրում

Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»։

Հետագայում

1653-ին Փիլիպոս կաթողիկոսն այն վերանորոգել է և արևմտյան մուտքի դիմաց կառուցել բաց գավիթ։ Հետագայում եկեղեցին շրջափակվել է աղյուսաշեն պարսպով ու բուրգերով (1776), գավթի վրա կառուցվել է զանգակատունը (1880), շինվել են արևելյան և հարավային սրբատաշ քարե պարիսպները, բնակելի տունը, բակի օժանդակ կառույցները (1894)։ Զգալի նորոգումներ են կատարվել 1898-ին։ 1958-ին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը։ Նորոգումների ժամանակ բացվել են որմնասյուների տակ որպես հիմնաքարեր դրված հելլենիստական տաճարի քանդակազարդ քիվի բեկորներ, որոնք վկայում են, որ Հռիփսիմեի տաճարի տարածքում եղել է հեթանոսական տաճար։ Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղ քրիստոնեական շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի միանավ եկեղեցի՝ արտաքուստ հնգանիստ աբսիդով։

Ճարտարապետություն

Հռիփսիմեի տաճարը պատկանում է միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին (ձևավորվել է VI դարում)։ Ներքուստ խաչաձև է, որն ստեղծվել է գմբեթածածկ ծավալին կցված չորս խորաններով ու շրջանի 3/4 հատվածքի անկյունային խորշերով։ Ներքին տարածությունն ամբողջական է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ։ Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ, անկյուններում ստացվել են չորս սենյակներ, որոնք աղոթասրահի հետ կապվում են անկյունային խորշերով։ Հռիփսիմեի տաճարը կառուցվածքով քարի ողջ պարագծով տարած միաձույլ համակարգ է, ունի մեծ երկրաշարժակայունություն։ Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված են սնամեջ տարածություններ, որոնք նպաստել են եկեղեցու գերազանց հնչականությանը և ծառայել որպես գաղտնարաններ։

Հռիփսիմեի տաճարի կառուցվածքային համակարգը՝ չորս խորանների, խորշերի ու նրանց վրա հանգչող գմբեթի կորագիծ մակերևույթներով, նրա գեղարվեստական կերպարի հիմնական միջոցն է։ Աղոթասրահը ստացել է խիստ արտահայտիչ տարածական լուծում, ութ զանգվածեղ որմնամույթերի ուղղաձիգ ընդգծումները նրան տալիս են վերսլացություն։ Հռիփսիմեի տաճարն իր տիպի կառույցներից առանձնանում է լայնանիստ (10, 1 մ) ոչ բարձր թմբուկով, գմբեթային քառանկյան անկյուններում թմբուկին կցված աշտարակիկներով, ցածր ուղղանիստ ծավալից մինչև գմբեթի վեղարը ծավալների ներդաշնակ անցումներով, որով ձևավորվել է հուշարձանի առավել արտահայտիչ ուրվագիծը։ Ճակատների սեղանաձև կտրվածքով խորշերն ստեղծել են ուղղաձիգ ուժեղ ընդգծումներ, ճակատների հարթությունը դարձրել ծավալային, թեթևացրել հուշարձանի զանգվածեղությունը։ Հռիփսիմեի տաճարին բնորոշ է ծավալների ամփոփ ու ներդաշնակ համակցությունը։

Արմավիր մարզ

Արմավիրի մարզ, վարչատարածքային միավոր Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Մարգարա գյուղի մոտ Արաքս գետի վրա կառուցված ավտոճանապարհային կամուրջը Հայաստանը միացնում է Թուրքիային։ Մարզի տարածքը եղել է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի մի մասը։ Կլիման խիստ ցամաքային է։ Մթնոլորտային տեղումների քանակը չի գերազանցում 300 մմ։ Ամառը շոգ է, տևական (4-5 ամիս)։

Հաճախ ջերմաստիճանը բարձրանում է մինչև 40-42 °C։ Բնորոշ են լեռնահովտային քամիները։ Ձմեռը ցուրտ է, անամպ, անհողմ։ Գարունը կարճատև է։ Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները։ Հարթավայրային մասի բնական կիսաանապատային լանդշաֆտները խիստ փոփոխված են։ Ներկայումս տիրապետում են մարդածին լանդշաֆտները։ Բնական ծածկույթը, որը հումուսով աղքատ գորշահողեր են, հազարամյակների ընթացքում ոռոգովի երկրագործրության պայմաններում վերածվել է կուլտուր-ոռոգելի հողերի։ Հարթության ցածրադիր մասերում գոյացել են ճահճուտներ։

Մարզը հարուստ չէ օգտակար հանածոներով։ Բազմաթիվ են պատմական և ճարտարապետական հուշարձանները։ Հայտնաբերվել են Մեծամորի բրոնզեդարյան մետաղաձուլարանը, Վանի թագավորության քաղաք Արգիշտիխինիլիի ավերակները։

Պատմաճարտարապետական մեծագույն արժեք են ներկայացնում Էջմիածնի վանական կառույցները, Զվարթնոց տաճարի ավերակները, Վաղարշապատում Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ եկեղեցիները, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիրը։

Արմավիրի մարզը բնակչության թվով և խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արևելյան հատվածում է։ Դեպի արևմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։

Արմավիրի մարզի խոշոր գյուղերն են՝ Նալբանդյան, Արշալույս, Փարաքար, Սարդարապատ։

Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) և Մեծամորը (9,191 բնակիչ)։

Քարտեզագրություն ամփոփում

  • Ի՞նչ եք հասկանում քարտեզ ասելով։ Ձեր կարծիքով անհրաժե՞շտ է քարտեզն այսօր։Իմ կարծիքով այսօր քարտեզը անրաճեշտ է։
  • Հնում ի՞նչ նյութեր են օգտագործել քարտեզներ պատրաստելու համար։Առաջին քարտեզները պատրաստել են կաշվից քարից և թղթից։Առաջին քարե քարտեզը հատնաբերել են 6֊րորդ դարում Բաբելոն քաղաքում։
  • Ըստ բովանդակության ՝ քանի՞ խմբի են բաժանվում քարտեզները, և որո՞նք են դրանք։Բաժանվում են երեք խմբի քաղաքներ երկիրներ և կզիներ։
  • google maps ծրագրով, գտե՛ք քարտեզի վրա Սևանա լիճը և փորձե՛ք որոշել ձեր բնակավայրի և Սևանա լճի միջև եղած հեռավորությունը։

Արամ Խաչատրյան. կոմպոզիտոր

Արամ Խաչատրյանը XX դարի խոշորագույն կոմպոզիտորներից է։ Նրա երաժշտությունը նվաճել է ոչ միայն Խորհրդային Միությունը, այլ ամբողջ աշխարհը։ Նա կարողացել է հայ ժողովրդական երաժշտությունը վարպետորեն միահյուսել իր կոմպոզիցիաներին։

Ծագումը

Խաչատրյանը ծնվել է 1903թ. Թիֆլիսում (այժմ՝ Թբիլիսի, Վրաստանի մայրաքաղաքը), հայկական ընտանիքում։ Խորհրդային Միության կազմավորումից հետո տեղափոխվել է Մոսկվա և սովորել Գնեսինների պետական երաժշտական քոլեջում։ Լինելով սոցիալիզմի եռանդուն ջատագով՝ միևնույն է, կոմկուսի կողմից 1948թ. սուր քննադատության է ենթարկվում հասարակ ժողովրդին իբր անհասանելի ու անհասկանալի երաժշտություն մատուցելու համար։

Ճանաչված է

Նրան մեծ ճանաչում բերած առաջին գործը «Դաշնամուրի կոնցերտն»  է (1936թ.):  Հռչակավոր գործերից են «Սպարտակ» և «Գայանե»  բալետները։ «Գայանե» բալետի մի շարք հատվածներ օգտագործվել են Ստենլի Կուբրիկի «2001. տիեզերական ոդիսական» ֆիլմում, հատկապես հայտնի է բալետի «Սուսերով պարը»։

Նշանավոր մտքեր

-Ես աթեիստ եմ, բայց նաև զավակը քրիստոնեությունն առաջինը ընդունած [հայ] ժողովրդի, ուստի Վատիկան այցելելն իմ պարտքն էր։

-Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ երաժշտական տարբեր լեզուների միջև… Հայ  կոմպոզիտորիների հետ միասին մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսել մեր երաժշտությունը։ Իսկ երբ լսեն, կասեն. «Պատմե՛ք մեզ այս ժողովրդի մասին, ցույց տվեք այն երկիրը, որն այսպիսի արվեստ է ստեղծում»։

Այլոց խոսքով

«Փոքրիկ հրաշքի է նման այն, որ բացառիկ տաղանդավոր մի հայ, ունենալով իր երկրի ժողովրդական ավանդույթներից եկող և շրջապատից տարբերվող երաժշտական ինքնություն և ցանկանալով մուտք գործել պրոֆեսիոնալ երաժշտության ոլորտ, պատրաստակամորեն ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիա և շուտով դառնում տեղի աստղը», – գրել է New York Times-ը:

«Նրա ամենահայտնի գործը՝ հանճարեղ «Սուսերով պարը», իսկապես արժանի է համաշխարհային հռչակի»,- նշել է Ալեն Բլեքվուդը XX դարի երաժշտության հանրագիտարանում:

«Նրա մեղեդիները, անշուշտ, մի քիչ կրում են XX դարին բնորոշ լարվածությունն ու  երբեմն դուրս հորդող դիսոնանսները։ Միևնույն ժամանակ չափազանց բարձրակարգ մոտեցմամբ միահյուսվում են հրաշալի նեոռոմանտիզմն ու հարուստ նվագախումբը, այդպիսով, կարծում եմ՝ նա բավականին համահունչ է մեր օրերին», – ասել է Մերին Օլսըփը՝ Բալթիմորի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական ղեկավարը և Սան-Պաուլոյի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորը:

Նշանավոր գործեր

«Սպարտակ»

«Դիմակահանդես»

«Սուսերով պար»

«Գայանե»

1 2 3 10