August 2023 archive

Արմավիր

Արմավիրը գտնվում է Երասխի ձախ ափին, Արարատյան դաշտում։ Մովսես Խորենացին Արմավիրի հիմնադրումը վերագրում է Հայկ Նահապետի թոռ Արամայիսին (մ.թ.ա. II հազարամեակից առաջ), ըստ ավանդության “Հայկ Նահապետի թոռ Արամայիսը իր բնակության համար տուն է շինում գետի ափին մի բլուրի վրա և իր անունով այն կոչում է Արմավիր, իսկ գետի անունն իր թոռան՝ Երաստի անունով դնում է Երասխ”։ Արարատյան կամ Վանի թագավորության (Ուրարտական) շրջանում՝ մ.թ.ա. մոտ 776 թվականին, Արգիշտի Առաջին թագավորն այստեղ կառուցել է բերդ, և իր անունով այն կոչել Արգիշտիխինիլի[2], որը գոյություն է ունեցել մ.թ.ա. 8-5-րդ դարերում։ Ուրարտական պետության անկումից հետո Արմավիրը շարունակել է գոյատևել, և մ.թ.ա. 331 թվականին դարձել է Արարատյան նոր Հայկական թագավորության մայրաքաղաքը, որտեղ հաստատվել էին Երվանդունիները։ Մ.թ.ա. III-II դդ. Արմավիրը քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգևոր խոշոր կենտրոն էր։ Քաղաքի մերձակայքում էր գտնվում Արամանյակի Սոսյաց անտառը, որտեղ գուշակություններ էին անում ծառերի սաղարթների սոսափյունով։ Մ.թ.ա. 189 թվականին, երբ Արտաշէս Ա-ն հիմնադրեց Մեծ Հայքի թագավորությունը, Արմավիրը դարձավ նրա մայրաքաղաքը։ Արտաշատի հիմնադրմամբ Արմավիրը դադարել է մայրաքաղաք լինելուց։ Չնայած այն հանգամանքին որ պատմահայր Մովսես Խորենացին նկարագրելով Արմավիրի կառուցումը և նրա դերն ու նշանակությունը որպես հայոց մայրաքաղաք, միաժամանակ նշում է որ ժամանակի ընթացքում քաղաքական հանգամանքների բերումով, Արմավիրը սկսեց անկում ապրել և դարերի ընթացքում կորցրեց քաղաքական, մշակութային, առևտրա-տնտեսական նշանակությունը և արդեն 5-րդ դարից սկսած հիշատակություններում հանդիպում է որպես «լքյալ մայրաքաղաք»։

Բագրատունիների օրոք ունեցել է ավելի քան 10 հազար բնակիչ և թագավորության չորրորդ քաղաքն էր։ Մատենագրությունից, ինչպես նավ պեղումների արդյունքում հայտնի են դարձել՝ Արմավիր քաղաքի երկու թաղամասերը՝ Ալիսո(ու) և Բլուր ինչպես նաև տնտեսական նշանակության շինություններ՝ դարբնոց, թոնատներ, արհեստանոցներ, ձուլարաններ, դեղատուն, երկու խաղողի ճզման հնձաններ։

1712 թվականից, Երևանի պարսկական խանի որոշմամբ սկսեցին կառուցել Սարդարապատի բերդը, ինչով և սկսվեց Արմավիր մայրաքաղաքի արհեստական ավերումը։ Հին քաղաքը օգտագործելով որպես «պատրաստի քարհանք» ավերակների մոտակայքում նոր բերդի, նոր բնակավայրի և տեղացիների բնակելի տների կառուցման համար։ Սարդարապատի բերդը հանդիսավոր կերպով բացվեց 1779 թվականին։

Բերդի տարածքը կազմում էր 10-12 հազար հեկտար, ուներ 10-12, տեղ-տեղ մինչև 15 մետր բարձրությամբ պարիսպներ և բազմաթիվ աշտարակներ։ Երևանի պարսկական խանության ամրացված բերդերից էր։ 18-րդ դարում Սարդարապատը արևմտահայ գաղթականների և այստեղ տեղակայված պարսկական խանի զորքերի հաշվին, վերածվեց մոտ 10 հազար բնակչություն ունեցող քաղաքի, ըստ հայկական աղբյուրների, Սարդարապատը ուներ մոտ երկու հազար հիմնական բնակչություն, մեծ մասամբ հայեր, բերդը ուներ նաև խաղողի և այլ պտղատու այգիներ, բամբակի և քրնջութի ցանքատարածություններ, մեծաքանակ ցորենի դաշտեր, ինչն ապացուցում է ռուսական բանակի ձեռքն ընկած մեծաքանակ հացահատկի պահեստները։

1827 թվականի սեպտեմբերի 20, Պասկևիչի և Կրասովսկու հրամանատարությամբ ռուսական բանակին հաջողվեց գրավվել այն, ավերելով հայոց Արմավիր մայրաքաղաքի արձանագրություններով կառուցած բերդը։ Այստեղ է գտնվել նաև Արգիշտի Ա-ի Արմավիր-Արգիշտիխինիլիի հիմնադրման արձանագրությունը:

Արմավիր կայարան 1927թ

Արմավիր քաղաքի թաղամասերի և շրջակա ագարակների հիմքի վրա 17-19-րդ դդ ձևավորվեցին նախ ագարակային, ապա գյուղական համայնքներ, որոնք ներկայում կազմում եմ Արմավիրի մարզի Արմավիր, Հայկավան, Այգեշատ, Բամբակաշատ, Ջրաշեն, Նոր Արտագերս և Նալբանդյան գյուղերը։

Ներկայիս Արմավիր քաղաքը որպես բնակավայր հիմնադրվել է 1903 թվականին։ Դեռևս 1899 թվականին, երբ կառուցում էր Թիֆլիս (Թբիլիսի) – Երևան երկաթուղին, սկսվեց նաև Սարդարապատ կիսակայարանի կառուցումը, որը տևեց 4 տարի և ավարտվեց 1903 թ ականին։ Կիսակայարանի մոտ կառուցել էին նայև երկաթուղին սպասարկող անձնակազմի համար նախատեսված բնակարաններ և հենց այդ թաղամասը դարձավ ապագա քաղաքի հիմքը։ Քանի որ, նորաստեղծ բնակավայրը տրանսպորտային կարևոր նշանակություն ունեցող՝ Թիֆլիս – Երևան երկաթուղու կայարան էր, այն սկսեց արագորեն զարգանալ։ Չնայած հայ ժողովրդի համար ծանր հանգամանքներին, արդեն 1926 թվականի մարդահամարի տվյալներով բնակավայրն ուներ մոտ 600 բնակիչ։ 1931 թ. Հայաստանի Խորհրդային Հանրապետության կառավարությունը, հաշվի առնեկլով երկրի տնտեսության համար կայարանի նշանակությունը անվանակոչում է Հոկտեմբերյան, իսկ 1935 թվականին նկատի ունենալով նաև բնակչության արագ աճը շնորհում է քաղաքի կարգավիճակ։

Անկախացումից հետո քաղաքը դարձավ Հայաստանի Արմավիրի մարզի մարզկենտրոն և 1996 թվականին վերանվանվեց Արմավիր։