June 2023 archive

Զեբրեր

Զեբրերը ոչ մեծ ձիեր են, որոնց մարմինը, ոտքերն ու գլուխը զարդարված են սև ու սպիտակ գծերով։ Նույնիսկ նրանց գլխի մազափունջն է սև ու սպիտակ։

Զեբրերին անվանում են նաև վագերաձիեր։ Նրանք ապրում են անապատներում, տափաստաններում, անտառներում:

Զեբրերը շատ զգույշ, արագավազ կենդանիներ են։ Սնվում են բույսերով: Ունենում են մեկ կամ երկու ձագ:

Այս սմբակավորների ինչի՞ն է պետք այդքան անսովոր՝ գծավոր լինելը: Գիտնականների կարծիքով, այն օգնում է զեբրերին փրկվել թշնամիներից։ Գիշատիչները, տեսնելով այդ գծավոր կենդանուն, չեն կարողանում ճիշտ գնահատել նրա չափերը, վազքի արագությունն ու ուղղությունը, որով փախչում է զեբրը։

Զեբրերը վտանգի պահին հավաքվում են միասին, և երբ գիշատիչը հանդիպում է նրանց մեծ երամակին, ապագա զոհի ընտրությունը դառնում է շատ դժվար։ Գազանի աչքերը շաղվում են, և նրան թվում է, թե իր առջև մի հսկա սև ու սպիտակ կենդանի է։

Զեբրերից յուրաքանչյուրի գծերը միայն իրեն են հատուկ․ բնության մեջ չկա նույն գծերն ունեցող երկու զեբր։ Ու հենց դրանց միջոցով են ձագերը մեծ երամակի մեջ անսխալ ճանաչում իրենց մայրերին։