Երևանի բուսաբանական այգի

Երևանի բուսաբանական այգի, ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կազմում ընդգրկված գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն, որի գործունեության հիմնական նպատակն է Երկրագնդի տարբեր բուսաաշխարհագրական տարածաշրջաններից բարձր գեղազարդ և տնտեսապես արժեքավոր բուսատեսակների ներմուծումը, ցուցադրական գիտական հավաքածուների ստեղծումը, էկոլոգիական նոր պայմաններին դրանց հարմարողականության բացահայտումը, առավել հարմարված տեսակները քաղաքների և բնակավայրերի կանաչապատման մեջ ներդրումը։

Հիմնադրվել է 1935 թվականին անվանի գիտնականներ՝ Ա.Կ. Մաղաքյանի, Ա.Ա. Հախվերդովի և Ն.Վ. Միրզոևայի կողմից (տարածքը՝ 80 հա, 1100 բուսատեսակ)։ՀՀ ԳԱԱ Բուսաբանության այգու տարածքում հողամասի տարբեր էքսպոզիցիոն մանրապուրակներում ներկայացված են բուսաբանաաշխարհագրական տեսանկյունից մի շարք հետաքրքիր տեսակներ, ինչպես նաև վայրի դեղատու, տնտեսապես արժեքավոր, գեղազարդ և բազմաթիվ այլ տեսակներ։ Բացի այդ, կոլեկցիոն հողամասում ներկայացված են Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակ /30 ցեղից/` հատիկավորներ, հատիկաընդավորներ, բանջարաբույսեր, հատապտղայիններ, համեմունքային և այլն։Երևանի կիսաանապատային գոտում գտնվող այգում ստեղծված հարուստ ու բազմազան բուսական հավաքածուները ծառայում են որպես ուսումնական բազա հանրապետության կրթական հաստատությունների, առաջին հերթին ԲՈՒՀ-երի տվյալ մասնագիտությամբ ուսանողների համար։ Այգին հանդիսանում է նաև յուրահատուկ ռեկրեացիոն օջախ` մայրաքաղաքի և հանրապետության բնակչության համար։Այստեղ ներկայացված են նաև մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ (մոտ 70 տեսակ, որոնցից 38 ներառվել են ՀՀ Կարմիր գրքի նոր հրատարակության մեջ).

Հողամասի մոտ 4 հա տարածքում ստեղծված է նաև Հայաստանի բուսական համակեցությունների թվով 16 մոդելներ (արհեստական ցենոզներ), որոնց մեջ կան նաև այն խմբավորումները, որոնք բնության մեջ գտնվում են անհետացման եզրին (ավազուտներ, աղուտներ, համմադա, շիբլյակ, ջրաճահճային ցենոզներ և այլն)։

Leave a Reply