Անուշապուր

Անուշապուրը հայկական քաղցրավենիք է: Ըստ էության, անուշապուրը բավականին նման է աշուրեին , սակայն անուշապուրում լոբազգիներից և ցորենից բացի այլ հացահատիկ չեն դնում: Այն մի առանձնահատուկ աշուրե է, որը պատրաստում են աղանդերով, չրերով ու նռան հատիկներով:

Անհրաժեշտ պարագաները /15-20 հոգու համար/

500 գ աշուրացու ցորեն, 250 գ չամիչ, 250 գ ծիրանի չիր, կես փաթեթ կարտոֆիլի օսլա, 1 շերեփ վարդաջուր, 1 կգ շաքարավազ, մի պտղունց աղ, վրան զարդարելու համար` դարչին, ընկույզի միջուկ, նռան հատիկներ, 1 փաթեթ սոճու կոնգոմ /պիստակ/:

Պատրաստման եղանակը

Կես կգ աշուրացու սպիտակ ցորենը մաքրել, մի քանի անգամ սառը ջրով լվանալ, 3-4 ժամ թողնել լիքը ջրում, ապա լիքը ջրով դանդաղ սկսել եփել մի մեծ կաթսայում: Քանի դեռ ցորենը եփվում է, մաքրել ու մի լավ լվանալ 250 գ չամիչն ու ծիրանի չիրը: Եթե ծիրանի չրերը խոշոր են, ապա դրանք բաժանել երկու կամ չորս մասերի, չամիչի հետ մեկտեղ թողնել տաք ջրի մեջ, որպեսզի ինչպես հարկն է փափկեն:

Թույլ կրակի վրա, կաթսայի կափարիչը մի փոքր բաց թողնված վիճակում եփվող ցորենի ջուրը 3-4 ժամ անց սկսում է նվազել: Այն կրակի վրայից վերցնել, կաթսայի կափարիչը փակել, վրան էլ ծածկել մի բավականին հաստ կտորով, որպեսզի «հարսը» չմրսի: Այդպիսով` մեր աշուրացու ցորենը մեր հարսն է դառնում: Այդ հարսնությունը կարող է տևել առնվազն 3-4 ժամ, եթե ցանկանաք` ողջ գիշեր: Հարսնացած ցորենը այլևս պատրաստ է «Անուշապուր» դառնալուն: Կաթսան կրկին դնում ենք կրակին և ցորենին ավելացնում ենք թրջած չիր ու չամիչը: Վրան ավելացնել այնքան եռացրած ջուր, որ դառնա ապուրի նման ջրալի: Այն սկսել եփել` ժամանակ առ ժամանակ խառնելով: Երբ չամիչները ուռչեն և սկսեն նմանվել փոքրիկ օդապարիկների, կես փաթեթ կարտոֆիլի օսլան բացել մի բաժակ սառը ջրում, ավելացնել անուշապուրին, մի քիչ էլ եռացնել` անընդհատ խառնելով:

Ձեր անուշապուրն արդեն պատրաստ է. հիմա շաքարավազի հերթն է հասել: Վրան ավելացնել 1 կգ շաքարավազ ու մի պտղունց աղ և մեկ-երկու րոպե ևս խառնելով եռացնել: Երբ եփուկը սառչում է, անուշապուրին ենք ավելացնում նաև մի լիքը շերեփ վարդաջուր, նորից խառնում և լցնում փոքրիկ ամանների մեջ: Սառչելուց հետո դրանց վրա ենք ցանում նռան հատիկներ, պիստակ, ընկույզի միջուկ ու դարչին և մատուցում: Այն բաժանում ենք նաև մեր հարևաններին, որպեսզի բարօրություն բերի:

Leave a Reply